գլխավոր Տնտեսություն Մենք իրավունք չունենք հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները....

Մենք իրավունք չունենք հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները. Բաբկեն Թունյան (տեսանյութ)

Tert.am-ը գրում է․ Հիմա, երբ խոսում ենք վարկը վերցրած քաղաքացիների մասին, չպետք է նաև մոռանանք այն մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին , որոնք այդ բանկում ավանդներ են դրել: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե բանկին ստիպում ենք, որ իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, տոկոսները չպահանջի կամ հետաձգի, հետո վաղը, մյուս օրը մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք, ու երբ այդ ավանդատուն գա բանկից իր ավանդը հետ վերցնելու, տոկոսները պահանջելու, բանկը պետք է ասի՝ գնա կառավարությունից կամ ԿԲ-ից քո պատասխանն ուզի: Մենք պարզապես իրավունք չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները»,-ասաց Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ  պետք է լինի պետություն-վարկառուներ-բանկային համակարգ համագործակցություն, ինչը այս ընթացքում եղել է:

«ԲՀԿ-ի պատգամավորների նախաձեռնությամբ՝ հանդիպել ենք, օրինակ, տուրիստական, տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն վարկերի խնդիրներ: Հետո հանդիպել ենք Բանկերի միության հետ, բանկիրների հետ, ու բանկերն իրենց կողմից մի քանի ամիս հետաձգել են վարկերի մարումները»:

Բաբկեն Թունյանն ասաց, որ ոչ մի բան անվճար չի լինում, այսինքն, եթե պետությունը սուբսիդավորում է վարկերի չեղարկումը կամ արձակուրդը, դա լինում է ինչ-որ բանի հաշվին:

«Իսկ ինչ-որ բանը հարկատուներն են, և պետք է հասկանալ, թե մենք ինչքանի հնարավորություն ունենք: Ստացվում է, որ մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին»,-ասաց նա: