գլխավոր Գլխավոր Մոտենում ենք լրատվամիջոցներին ՍԴ նիստը լուսաբանելու թույլտվություն տալու քննարկման ավարտական փուլին, հետո...

Մոտենում ենք լրատվամիջոցներին ՍԴ նիստը լուսաբանելու թույլտվություն տալու քննարկման ավարտական փուլին, հետո կանցնենք թեկնածուների առաջադրմանը. Էդգար Շաթիրյան (տեսանյութ)

Ընդմիջման ժամով պայմանավորված Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստը ընդմիջվեց, այն կշարունակենք ժամը 14:00-ին, թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկվել. լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը:

Նա ընդգծեց, որ այսօր նիստին կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցներին ՍԴ այս նիստը լուսաբանելու թույլտվություն տրամադրելու հարցը, քննարկումները շարունակվում են, դեռևս վերջնական որոշում չկա. «Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, ինչ արդյունք կլինի՝ չեմ կարող ասել, որից հետո անցում կկատարվի թեկնածուների առաջադրմանը»:

Դիտարկմանը, թե արդեն իսկ տեղեկություն կար, որ հիմնական պայքարը Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի միջև է ընթանում, Էդգար Շաթիրյանը, պատասխանեց.

«Եկեք խնդիրը չանձնավորենք տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, մի բան է՝ տեսականորեն, ենթադրությունների տրամաբանության դաշտում խոսել, մեկ այլ բան է իրականությունը: Գործնականում ինչ կլինի՝ համբերենք, տեսնենք: Երբ կառաջադրվեն թեկնածուներ կամ կլինեն ինքնաառաջադրումներ կամ առաջադրումներ դատավորների կողմից  9-ից յուրաքանչյուրն իր ներքին համոզմամբ քննարկումների արդյունքներով կկայացնի սեփական որոշում»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ինքնաառաջադրվի ՍԴ նախագահ, Էդգար Շաթիրյանը չցանկացավ պատասխանել, միայն նշեց, որ թեկնածուների առաջադրման գործընթացը դեռևս չի քննարկվել:

Անդրադառնալով լրատվամիջոցներին լուսաբանման թույլտվություն տրամադրելու հարցին, նշեց, որ երեկ որոշում չի ընդունվել ձայների հավասար բաշխման պատճառով. «Երկու ժամ դա էինք քննարկում, երեկ ոչ թե որոշում է կայացվել լրատվամիջոցների դիմում-խնդրանքները մերժելու մասին, այլ որոշում չի ընդունվել ձայների հավասարության հանգամանքով պայմանավորված, ամեն դեպքում, նկատի ունենանք այն հանգամանքը, որ դատավարներից յուրաքանչյուրը կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման նախագիծ՝ ՍԴ գործունեության առնչվող հարցերով»:

Հարցին, թե հնարավո՞ր է այսօր էլ չընտրեն ՍԴ նախագահ և փոխնախագահ, Էդգար Շաթիրյանը նշեց՝ տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել: