գլխավոր Միջազգային Զախարովան նշել է Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված սադրանքի նպատակը

Զախարովան նշել է Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված սադրանքի նպատակը

Արևմուտքին տեղեկատվական տարածքում Ռուսաստանի անկանխատեսելիության առասպելն ամրապնդելու համար անհրաժեշտ էր Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված սադրանքը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչի՞ համար էր դա: Նրա համար, որ Արևմուտքի երկրների տեղեկատվաքաղաքական տիրույթում ամրպնդվի Բրյուսելի խորքում ստեղծված առասպելը մեր ենթադրյալ անկանխատեսելիության մասին, որը վերաբերում է իբր թե այդ նույն արևմտյան աշխարհին: Ահա թե ինչու էին պետք այդ սադրիչ գործողությունները»,-ասել է նա:

Զախարովայի խոսքով՝  այս միջադեպը քաղաքական բաղադրիչ ունի.«Այն կայանում է ՆԱՏՕ-ի երկրների սադրիչ գործողություններում: Իսկ Բրիտանիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի երկիր է մեր սահմանների մոտ: Սա քաղաքական բաղադրիչն է»:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր:

«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», – ասել են ռազմական գերատեսչությունից:

Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Հայտնի է, որ 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել՝ 4 ռումբ նետելով Defender-ի շարժման կուրսով:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է բրիտանական թագավորական նավատորմի` Սև ծովում ՌԴ տարածքային ջրերի սահմանը հատած Defender կործանիչի հետ կապված միջադեպը: Twitter-ի պաշտոնական հաշվում ասվում է, որ ռազմանավը խաղաղ անցում է կատարել Ուկրաինայի տարածքային ջրեր` համաձայն միջազգային օրենսդրության:

Բացի այդ, Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական կողմը նախազգուշական կրակոցներ է արձակել:

«Մենք ենթադրում ենք, որ Ռուսաստանը հրետանային կրակի վարժանքներ է անցկացրել Սև ծովում և նախազգուշացրել է ծովային համայնքին իր գործունեության մասին: Թագավորական նավատորմի Defender նավի վրա կրակ չի բացվել, և մենք չենք ընդունում այն պնդումները, որ ռումբ է նետվել դրա ճանապարհին»,-ասված է հաղորդագրությունում: