գլխավոր Գլխավոր Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների գործով դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով հերթական դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը` մանրամասնելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար: 

Մեղադրական եզրակացությունը հայտարարվել է դատավոր Աֆգան Հաջիևի նախագահությամբ կայացած նիստում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավարտվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և մյուս ռազմագերիների (ընդհանուր 14 մարդ) դեմ քրեական գործի քննությունն ավարտված է և Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի կողմից հաստատված մեղադրական եզրակացության հետ ուղարկվել է դատարան` քննարկման:

Լրատվամիջոցը գրում է, որ հայ գերիների նկատմամբ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ իբր «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»:

Քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով: