գլխավոր Միջազգային Կանադան պարզել է, որ Իրանն ամբողջությամբ պատասխանատու է խփված Ուկրաինական Boeing-ի համար

Կանադան պարզել է, որ Իրանն ամբողջությամբ պատասխանատու է խփված Ուկրաինական Boeing-ի համար

Կանադայի իշխանությունները, ելնելով սեփական եզրակացություններից, լիակատար պատասխանատվություն են դնում Իրանի կառավարության վրա՝ 2020 թվականի հունվարին Թեհրանի երկնքում Boeing-ի կործանման համար: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ նրա կառավարության մի շարք անդամների հայտարարության մեջ։

«Այսօր Կանադայի կառավարությունը զեկույց է հրապարակել, որը հաստատում է, որ Իրանի քաղաքացիական եւ ռազմական իշխանություններն իրենց որոշումներով, գործողություններով եւ անգործությամբ լիակատար պատասխանատվություն են կրում PS752 չվերթի կործանման համար», – նշվում է հայտարարության մեջ: Զեկույցում ընդգծվում է Իրանի իշխանությունների անպատասխանատվությունը, ոչ կոմպետենտությունն ու մարդկային կյանքի հանդեպ անմիտ արհամարհանքը»:

Փաստաթղթում հստակեցվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Կանադայի իշխանությունները փորձագետների եւ քրեագետների տարբեր մակարդակի հատուկ խումբ են ձեւավորել, որոնք պետք է վերլուծեին աղետի մասին իրենց հասանելի ողջ տեղեկատվությունը: Այս խումբը պատրաստել է իր զեկույցը, որը կոչվում է ««Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» PS752 չվերթի աղետը». փաստերի վերլուծություն»: Դրա հիման վրա Կանադայի կառավարությունը համապատասխան հայտարարություն է տարածել:

Մասնավորապես, կանադացի փորձագետները կարծում են, որ Իրանը օդանավակայանի մոտ զենիթային համակարգեր է տեղադրել՝ չձեռնարկելով անհրաժեշտ պաշտպանության միջոցներ եւ ավիաընկերություններին չտեղեկացնելով հնարավոր սպառնալիքի մասին: