գլխավոր Հասարակություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչը լքել է դահլիճը (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչը լքել է դահլիճը (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հեռակապով ելույթի ժամանակ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը լքել է դահլիճը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Իսրայելցի ներկայացուցիչը դահլիճը լքել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը սկսել է քննադատության տարափ տեղալ Իսրայելի հասցեին` կապված վերջինիս Պաղեստինի նկատմած վարած քաղաքականության հետ:

Թուրքիայի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Թուրքիան չի աջակցելու պաղեստինցիների շահերը ոտնահարող ոչ մի ծրագրի», «կապիտուլիացիայի ակտ է անվանել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մշակած «Դարի գործարք» անվանումով իսրայելամետ պայմանագիրը և նշել է, որ պաղեստինյան հարցը կարող է լուծվել միայն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծմամբ` 1967 թվականին առկա սահմանների համաձայն:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում: