գլխավոր Միջազգային Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ վերածվել է ծաղրանկարային պետության

Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ վերածվել է ծաղրանկարային պետության

Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ դարձել է ծաղրանկարային պետություն, գրում է Բուրակ Բեքդիլը՝ Ռազմավարական հետազոտությունների «Բեգին Սադաթ» կենտրոնի (BESA) համար իր հոդվածում:

Տնտեսական պայմանների վատթարացումը նվազեցնում է Էրդողանի հասարակական վարկանիշը, նշում է նա՝ վկայակոչելով վերջին հարցումները: «Անտնտեսվարության պարույրը բուռն ընթացքի մեջ է, երբեմն զարմացնում է նույնիսկ Էրդողանի կողմնակիցներին»,- ասել է նա:

Էրդողանի իշխող դաշինքին ժողովրդական աջակցությունն ընկել է մինչեւ 32 տոկոսից մի փոքր ավելի, ըստ Turkey Report սոցիոլոգիական գործակալության մայիսյան հարցումների: Հարցվածների միայն 26,3 տոկոսն է ասել, որ կքվեարկի Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին, եթե ընտրություններն անցկացվեն մայիսին, մինչդեռ ընտրողների 6 տոկոսը սատարում է Էրդողանի գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ):

«Սա այն Թուրքիան չէ, որի մասին մենք երազում էինք»,- հայտարարել է Էրդողանի անանուն մտերիմ օգնականը եւ ԱԶԿ համահիմնադիրը: «Թուրքերը չեն կարողանում որոշել ծիծաղել թե լաց լինել մի քանի դեպքերի համար, որոնք ընդամենը մեկ ամսվա ընթացքում թերթերի վերնագրեր են դարձել»,- ասել է նա:

Էգեյան ծովի ափին գտնվող Քուշադասիում գտնվող ռեստորանի սեփականատեր Ջեմ Էմրե Աքինջին 4,63 թուրքական լիրա (0,56 դոլար) է ստացել կառավարության օգնության ծրագրի շրջանակներում, որն առաջարկում էր կանխիկ աջակցություն COVID-19-ից տուժած փոքր բիզնեսին:

Այլ ոչ հանրահայտ կամ տարակուսելի միջոցառումներից է ալկոհոլի վաճառքի արգելքը՝ COVID-19 վարակի ալիքի դեմ ապրիլի վերջին հայտարարված մեկուսացման միջոցառումների շրջանակներում:

Մայիսին թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին առաջարկել էր փակել Սահմանադրական դատարանը:

Բեքդիլի խոսքով՝ Թուրքիայի որոշ քաղաքապետարաններ, որոնք ղեկավարվում են ԱԶԿ-ի կողմից, հարյուրավոր անձնագրեր են տրամադրել կուսակցության համակիրներին կամ դրանք վաճառել են՝ ԵՄ երկրներ, հատկապես Գերմանիա, ապօրինի արտագաղթելու համար:

Թուրքիայում գիտնականներն այլեւս չեն կարող ազատ տվյալներ հրապարակել, գրում է հեղինակը՝ մատնանշելով ENAGroup-ի դեմ հարուցված քրեական գործը, որը սեպտեմբերից սկսել է ինֆլյացիայի իր սեփական տվյալները հրապարակել: Ըստ նրա՝ Թուրքական վիճակագրական ինստիտուտը (TUİK) իջեցնում է ինֆլյացիայի տվյալները՝ «հասարակության դժգոհությունը չբորբոքելու համար»:

Բեքդիլը նաեւ մատնանշել է օսմանյան սուլթանի գերեզմանը «չհարգելու» համար Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ հետաքննությունը, որը 2019թ. քաղաքապետի ընտրություններում վերջ դրեց ԱԶԿ-ի եւ նրա իսլամիստ նախորդների 25-ամյա կառավարմանը:

«Օրեցօր ավելի ու ավելի շատ թուրքեր են համալրում ընդդիմության շարքերը: Էրդողանի անկման մեջ ավելի շատ բան կա, քան իշխանությունից հոգնածությունը: Նրա համար շատ դժվար կլինի 2023-ի նախագահական ընտրություններում թուրքերի մեծ մասին միավորել դրոշի եւ մզկիթի շուրջ»,- կարծում է հեղինակը: