գլխավոր Միջազգային Պակիստանի վարչապետը կրկին հայտարարել է, որ կանանց հագնվելու ձեւը սեռական բռնություն է...

Պակիստանի վարչապետը կրկին հայտարարել է, որ կանանց հագնվելու ձեւը սեռական բռնություն է «հրահրում»

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հերթական անգամ հայտարարել է, որ կանանց հագնվելու ձեւը սեռական բռնություն է «հրահրում»։ Axios-ին տված հարցազրույցում Խանը հայտարարել է, թե «ողջամտությունը» թելադրում է, որ գրգռիչ հագուստը սեռական բռնություն է սադրում:

«Եթե կնոջ հագին շատ քիչ հագուստ կա, դա ազդում է տղամարդկանց վրա, եթե նրանք ռոբոտ չեն»,- ասել է Խանը: Նա նաեւ խոսել է հասարակության մեջ «գայթակղությունը» վերացնելու մասին՝ Պակիստանում բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների թիվը նվազեցնելու համար:

«Մենք ոչ դիսկոտեկներ ունենք, ոչ գիշերային ակումբներ, այստեղ այլ կենսակերպ է: Եթե հասարակության մեջ գայթակղությունն այն աստիճանի հասցնեք, որ այդ երիտասարդ տղաները չիմանան ինչ անել, դա հետեւանքներ կունենա»,- ասել է նա:

Ավելի վաղ, ապրիլին, Խանը խոսել էր «պուրդայի» պրակտիկայի մասին, երբ կանայք հագնվում են այնպես, որը ամբողջ մարմինը ծածկվում է, որպեսզի այն կողմնակի մարդիկ չտեսնեն: Նրա խոսքով՝ «Պուրդան կդադարեցնի գայթակղությունը։ Ամեն տղամարդ չէ, որ կամքի ուժ ունի»:

Խանի հայտարարությունները սուր քննադատության են արժանացել, այդ թվում՝ Պակիստանի նախկին նախագահ Զհայբա Նաբիլի կողմից: «Վարչապետի հայտարարությունը կանանց հագուստի մասին` որպես բռնաբարության պատճառներից մեկը, անհեթեթ է եւ անտրամաբանական: Ազգի համար ամոթ է, որ այդպիսի մարդը Պակիստանի վարչապետն է»,- գրել է Նաբիլը Twitter-ում: