գլխավոր Իրադարձային Չարչյանի կալանքի որոշումը կայացրած Մելիքսեթյանը դատավորի կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի, աբսուրդների...

Չարչյանի կալանքի որոշումը կայացրած Մելիքսեթյանը դատավորի կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի, աբսուրդների հեղինակ է, ամիսներ առաջ պնդում էր, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Ա.Սաղաթելյանինն է․ փաստաբան

Հայաստանի Հանրապետությունը կմտնի պատմության մեջ որպես մի երկիր, որտեղ, ունենալով նման անվանի բժիշկ, ումով կարելի է հպարտանալ, իշխանությունների պատվերով կալանավորում են այդ մարդկանց։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Արմեն Չարչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության բավարարմանը։

«Արմեն Չարչյանը 2 օր է՝ ազատության մեջ էր, ուներ բոլոր հնարավորությունները գործին խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու, բայց չարեց։ Սա աբսուրդ է և պատահական չէ, որ վերջին մի քանի ամսում աբսուրդների հեղինակ է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, դատավոր, որը դատավորի կարգավիճակի հետ առնչություն չունի։

Վարդևանյանը հիշեցրեց, որ նույն դատավորն էր պնդում, որ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատերը Արա Սաղաթելյանն է։

«Մենք խոսում ենք հենց նման գործողություններ իրականացրած դատավորի հետ։ Հիշեցնեմ, որ այս փուլում մակագրությունները կատարվում են դատարանի նախագահի ցանկությամբ, այլ ոչ թե էլեկտրոնային համակարգով»։

Պաշտպանի գնահատմամբ, պատահական չէ, որ դատարանի նախագահը ցանկացավ, որ միջնորդությունը քննի հենց Արմինե Մելիքսեթյանը։

«Երբ իմացանք, որ գործը մակագրվել Է Արմեն Մելիքսեթյանին, իրավաբանական համայնքի ներկայացուցիչները միանշանակ պնդում էին, որ բավարարելու է կալանքի միջնորդությունը։ Թող Արմինե Մելիքսեթյանը իմանա, որ ինքը բազմաթիվ մարդկանց զրկել է Չարչյանից առողջապահական հնարավորություն ստանալու իրավունքից։ Այստեղ իրավաբանություն չկա, սա կոչվում է քաղաքական պատվերի կատարում»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ ամենաուշը ուրբաթ օրը Վերաքննիչ քրեական դատարանում կբողոքարկեն դատակն ակտը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՔԾ-ը ձերբակալել էր Հայաստան դաշինքի անդամ, Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին համացանցում հրապարակաված ձայնագրության հետ կապված։ Պաշտպանների կողմից վիճարկվել էր ձերբակալման իրավաչափությունը, ինչը դատարանը բավարարել էր։ Ինչից հետո ՀՔԾ-ը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավվել Արմեն Չարչյանին և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Չարչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, որը այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել է։