գլխավոր Գլխավոր Արմեն Չարչյանը կալանավորվեց. դատարանը որոշում կայացրեց

Արմեն Չարչյանը կալանավորվեց. դատարանը որոշում կայացրեց

 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Այդ մասին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը
Դատավորը, փաստորեն, բավարարեց գործով քննիչի` Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: