գլխավոր Քաղաքականություն Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ պարբերաբար հնչող ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը այն պայմանավորվածությունների իրականացման հանդեպ, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությամբ և ամրապնդվել են դրանից հետո:

Այս մասին նա ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրներից հնչող հռետորաբանությանը։ Զախարովան նշել է, որ վերադարձը խաղաղ կյանքի հնարավոր է կողմերի, ինչպես նաև այնտեղ ներգրավված ուժերի աջակցությամբ։  

Նա կողմերին ու լրատվամիջոցներին կոչ է արել առաջին հերթին խոսել այն ջանքերի մասին, որոնք ներգրավված կողմերն ուղղում են իրավիճակի կարգավորմանը, խաղաղության վերադարձին, տարածաշրջանի կայունացման գործընթացին: Նրա խոսքով՝ հենց դա էլ պետք է ակտիվորեն առաջ մղել։

«Որքան ավելի շատ տեղեկատվություն լինի կառուցողական գործողությունների մասին, կառուցողական քայլերի լուսաբանում, ոչ թե հնարված լուրեր, այնքան ավելի մեծ հավատ կունենան մարդիկ իրավիճակի ամբողջական կարգավորման նկատմամբ։ Իսկ դա ծայրաստիճան կարևոր նշանակություն ունի»,-ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կարևոր է բնակչությանն իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին: Նա նշել է, որ այս ամենին խանգարում են այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք տարբեր երկրների տարբեր գործիչներից, տարբեր ժամանակահատվածներում։ Ցավոք սրտի, դրանք պարբերական են, ապակայունացնող բնույթի և կոչված են մարդկանց վախ ներշնչել, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ և խարխլել նրանք հավատը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման հանդեպ։

«Սադրիչ հայտարարություններ, նսեմացուցիչ, ֆեյք լուրեր` ինչ ասես եղել է այս ընթացքում։ Ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է համապատասխան լինի առաջնային խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում»,-եզրափակել է նա։