գլխավոր Իրադարձային Բաքվում շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը. մանրամասներ

Բաքվում շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը. մանրամասներ

Բաքվում հունիսի 23-ին շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իբր, ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։ 

Ալյոշա Խոսրովյանը հայտարարել է, որ մասամբ ընդունում է մեղքը։ «Մասամբ ինձ մեղավոր եմ համարում<…>: Ես երկու անգամ, առանց թույլտվության, հատել եմ Ադրբեջանի սահմանը»,- հայտարարել է Խոսրովյանը։ Նա նշել է, որ մասամբ տիրապետում է ադրբեջաներենին։ «Ես գիտեմ որոշ բառեր, բայց չեմ կարող ասել, որ վարժ տիրապետում եմ։ Կապանում ես ունեի ադրբեջանցի հարևաններ։ Հետո նրանք տեղափոխվեցին Ադրբեջան»,- հավելել է Ալյոշա Խոսրովյանը։ Խոսրովյանը նաև նշել է, որ գերեվարվել է Ջաբրայիլում։  

Դատական գործընթացը կշարունակվի հունիսի 30-ին։  

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բաքվում մեկնարկել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում է 1991 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ադրբեջանցի 12 գերիներին խոշտանգելու և մոտ 17 օր Իվանյանի մոտ գտնվող Այգեստան գյուղի անտառում նրանց պահելու մեջ։  

Ադրբեջանական կողմը չի բավարարվում այս մեղադրանքով և Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է նաև Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին իբր ծեծի ենթարկելու, իսկ ադրբեջանցի զինծառայողներից մեկին էլ իբր սպանելու մեջ։ 

Ալյոշա Խոսրովյանն էլ մեղադրվում է իբր 5 ադրբեջանցի գերիների նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի մեջ։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ 1994 թվականի ապրիլին Խոսրովյանը ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանիի Աղբուլաղ (խմբ. Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Բացի այդ, Ալշոյա Խոսրովյանը մեղադրվում է նաև 1993-1994 թվականներին Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի գերիներին իբր խոշտանգելու մեջ։