գլխավոր Facebook Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են․ Դավիթ Խաժակյան

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են․ Դավիթ Խաժակյան

Այս մի քանի ժամվա ընթացքում տեսա տասնյակ գրառումներ, որոնք կապված են որոշ տեղամասերի վերահաշվարկի արդյունքների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ ակնհայտ է մի բան, որ շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել։ Իմ ունեցած տեղեկություններով վերահաշվարկը, որը իրականացվել է այսօր որոշ տեղամասերում քանակապես մեծ չէ և օբյեկտիվորեն չէր կարող հանգեցնել քվեների մեծ տարբերության։

Տեսել եմ հատուկենտ գրառումներ, որոնք ակնհայտ է, որ տեղամասային հանձնաժողովի թերացման արդյունք են և արտացոլվել են վերջնական արձանագրություններում։ Բայց եթե քվեաթերթիկները իրենց տրցակները չեն փոխել, նշանակում է խնդիրը տեխնիկական է և ոչ դիտավոր։ Վերահաշվարկը հենց սրա համար է։ Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել են միայն այն պատճառով, որ արդյունքները մեր պատկերացումներին չեն համապատասխանում։

Պետք չէ արհեստականորեն սասանել մարդկանց հավատը ընտրություններով բան փոխելու հարցում։ Այս ընտրություններում ինձ համար ամենամտահոգիչը եղել է զինվորների ուղղորդված քվեարկությունը, որի փաստերը առնվազն քննության առարկա դարձնելու համար բավարար են։ Եթե դա հիմնավորվի, ապա այդ տեղամասի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Բայց ակնհայտ է, որ դա ընդհանուր պատկերի վրա չի կարող էական ազդեցություն թողնել։ Պարտությունը պետք է արժանապատվորեն ընդունենք։