գլխավոր Գլխավոր Հայկական ընդդիմությունը խրամատներ է փորում խորհրդարանում. Коммерсантъ-ը` ՀՀ-ում հետընտրական զարգացումների մասին

Հայկական ընդդիմությունը խրամատներ է փորում խորհրդարանում. Коммерсантъ-ը` ՀՀ-ում հետընտրական զարգացումների մասին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հակառակորդները որոշել են իրենց մասին հիշեցնել խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի հաջորդ օրը, ի դեպ, հիշեցնել և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` անդրադառնալով հետընտրական իրավիճակին:

Պարբերականն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախօրեին արած հայտարարությանը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ «մանդատը, որը ստացել է ներկա իշխանությունը, չի արտացոլում նրա նկատմամբ վստահության աստիճանը»: Քոչարյանը հայտնել էր, որ ընդդիմությունը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, սակայն մինչև որոշման կայացումը, իր աջակիցները կպահպանեն իրենց ստացած մանդատները:

Խոսելով խորհրդարանում իր աջակիցների կատարելիք աշխատանքի մասին` Քոչարյանն ասել է, որ «իրենք վերցրել են այսպես կոչված` խրամատները, այժմ պետք է ամրանան և ապահովեն իրենց լիակատար հաղթանակը:

«Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անհաշտ հակառակորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից հետո խաղաղասեր դարձավ: Սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բանտարկումներով էր սպառնում «հին էլիտային»: Արդեն տոնական հանրահավաքի ժամանակ նա հեռացավ այդ հռետորաբանությունից` «համախմբան ձեռք» մեկնելով իր բոլոր մրցակիցներին»,- նկատում է հոդվածագիրը:

Պարբերականի հետ զրույցում Մարդկային զարգացման երևանյան միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ ռեսուրսներ կունենա` իշխանություններին դիմագրավելու համար:

«Ընդդիմությունը բավականաչափ ձայներ ունի, որպեսզի ցանկացած պահի ժամանակավոր քննչական հանձնաժողովներ ձևավորի տարատեսակ խնդիրների հարցերով, կառավարության ներկայացուցիչներին կանչի այնտեղ և նրանց պահի հաշվետու իրավիճակում»,- ասել է Պողոսյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ղարաբաղի բնակիչները կարող են իրենց անպետք զգալ Երևանի իշխանությունների համար, որոնք «մոռացել են Ղարաբաղի մասին, չեն գնում այնտեղ և չեն զբաղվում նրանց խնդիրներով»: Պողոսյանի կարծիքով` Ստեփանակերտում տեղի ունեցող ներկայիս ցույցերն ընդդեմ Արայիկ Հարությունյանի, հասարակական տրամադրությունների դրսևորումն են` կապված ստեղծված իրավիճակի հետ: