գլխավոր Իրադարձային Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. զիջումներն ու նվաստացումները դեռ նոր...

Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. զիջումներն ու նվաստացումները դեռ նոր են սկսվում. Коммерсантъ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, գրում է Коммерсантъ պարբերականը, որի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը փորձել է հասկանալ, թե դա ինչ հետևանքներ կունենա երկրի, տարածաշրջանի և ռուս-հայկական հարաբերությունների համար:

«Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակի արդյունքները Մոսկվայում անակնկալի բերեցին շատերին, քանի որ այդ մարդիկ, փաստորեն, առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով և կեղծ հարցումներով, որոնք հաջողություն էին կանխատեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին: Թվում է, որ ընդհանուր առմամբ, իրավիճակի վերաբերյալ մեր շատ հայրենակիցների տեսակետը նույնպես խիստ աղավաղված է: Ինչպիսի՞ն էր պատկերը արտաքին դիտորդի համար, որը ներգրավված չէր հայկական ներքին հարցերում: Փաշինյանը պարտված քաղաքական գործիչ է, պատմության ընթացքում հայերի կողմից երբևէ կրած ամենանվաստացուցիչ ու ցնցող պարտություններից մեկի խորհրդանիշն ու մեղավորը»,-գրում է վերլուծաբանը` զուգահեռներ անցկացնելով 1990-ականների հետ, երբ Հայաստանն առաջին Արցախյան պատերազմում հաղթեց Ադրբեջանին:

«Իսկ հիմա այդպիսի ջախջախում, այն էլ` բոլոր կետերով, առանց հնարավորության: Ըստ տրամաբանության` դրա համար պատասխան պետք է տա առաջնորդը, որը պատերազմի նախօրեին վարում էր անպատասխանատու և անխոհեմ քաղաքականություն՝  միաժամանակ հրահրելով Բաքվին և մարտահրավեր նետելով Մոսկվային՝  միակ հավանական դաշնակցին, որն ընդունակ է կանխել հակամարտությունը կամ կանագնեցնել այն սկզբնական փուլում: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Կրեմլը նման ցանկություն չունենա, և ահա աղետալի արդյունքը: Բայց պարադոքսն այն է, որ, ինչպես պարզվեց, իրավիճակը Հայաստանի ներսում այլ տեսք ունի»,-գրում է վերլուծաբանը: 

Յուսինի կարծիքով` հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելիս այն չկարողացավ գտնել նոր դեմքեր: Ըստ նրա` հասարակությանը պետք չեն նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ընդդիմության խորհրդանիշներն էին: Այս պարագայում նրա համար Փաշինյանը դարձավ չարյաց փոքրագույնը: 

«Հայերը պատրաստ են ներել նրան ինչպես պարտության, այնպես էլ նվաստացման համար: Եվ սա ժողովրդի ընտրությունն է, որքան էլ դա անտրամաբանական, ծիծաղելի, մազոխիստական թվա կողքից: Երկրի հարևանները՝  ինչպես գործընկերները, այնպես էլ թշնամիները, ստիպված կլինեն հաշվի նստել այս ընտրության հետ: Իսկ հայ ժողովրդին կարելի է մեկ բան խորհուրդ տալ` հնարավորինս շուտ ազատվել պատրանքներից: Նվաստացումները, զիջումները, փոխզիջումները չեն վերջանա: Թերևս դրանք դեռ նոր են սկսվում. սա է այն բոլոր պետությունների և ժողովուրդների ճակատագիրը, որոնք պարտվել են պատերազմում: Չկան ո՛չ բացառություններ, ո՛չ էլ հրաշքներ: Վաղ, թե ուշ, ստիպված կլինեն զիջումների գնալ Բաքվի հետ ինչպես սահմանային հարցերում, այնպես էլ տրանսպորտային միջանցքի երկայնքով, որը պետք է անցնի Հայաստանով`  Նախիջևանը կապելով մնացած Ադրբեջանի հետ: Սրանք հենց այն զիջումներն են, որոնց Փաշինյանը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրեր կնքելիս: Տհաճ է, զզվելի, նվաստացուցիչ, բայց այդ կետերին պետք է հետևել: Եվ սրա համար, թերևս առանց գիտակցելու,  քվեարկեցին այն մարդիկ, որոնք Փաշինյանին հաղթանակ պարգևեցին ընտրություններում»,-եզրափակել է Յուսինը: