գլխավոր Իրադարձային Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

Ապօրինի շինարարությունը Երևանի խոշորագույն  համակարգային խնդիրն է։ Կրիմինալ խմբավորումներ են գործում, որոնք առաջ են մղում ապօրինի շինարարության նախագծերը` աշխատելով իշխանության տարբեր մակարդակներում՝ պետական կառույցներից մինչև դատարաններ։ Այս մասին այսօր կայացած Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու ներկայացուցիչ Գայանե Եղիազարյանի հայտարարությանը։

Եղիազարյանը, մասնավորապես, նշել է, որ Աջափնյակ վարչական շրջանում ամեն օր ապօրինի շինարարությունէ ընթանում։ Անհասկանալի է, թե ինչ հիմքով են հենց գազոնների վրա կրպակներ տեղադրվում։

Ի պատասխան Մարությանը հայտարարեց, որ մոտ 7-8 օր առաջ գիշերը քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ ապօրինաբար կրպակ է տեղադրվել։ Կրպակի տեղադրումը կանխելու փորձերն ապարդյուն են եղել։

Բացի այդ, ընտրությունների օրը, երբ ոստիկանությունը զբաղված էր հասարակական կարգը պահպանելով, քաղաքում ապօրինաբար հինգ կրպակ է տեղադրվել։

«Դրանցից երկուսը տեղադրվել են ոստիկանների աչքի առաջ, և նրանք ոչինչ չեն կարողացել անել»,-ասել է Երևանի քաղաքապետը։

Մարությանի խոսքով՝ ապօրինի շինարարության փաստով քրեական գործեր են հարուցվել Երևանի վարչական շրջանների մի քանի ղեկավարների նկատմամբ։ Ընթանում է քննություն։

«Այդ հարցը ներառված է օրակարգում, և շուտով օրինախախտներն իրենց մաշկի վրա կզգան օրենքի ուժը»,-ասաց նա։

Մարությանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման սկզբից երկու-երեք ամիս անց մայրաքաղաքի ղեկավարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ապօրինի շինարարության դեմ պայքարի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նա նշեց, որ եթե այդ փոփոխությունները հաստատվեին, ոչ ոք չէր համարձակվի անպատիժ զբաղվել ապօրինի շինարարությամբ: Սակայն առաջարկն այդպես էլ չընդունվեց։