գլխավոր Իրադարձային Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք...

Եթե նույնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանությունների դեմ և չենք հրաժարվելու փողոցից․ Իշխան Սաղաթելյան

Մեր մոտեցումներում որևէ բան չի փոխվել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի  է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում դաշինքի առաջիկա անելիքներին։

«Կլինի խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, օդում, ջրում, ցամաքում բոլոր հնարավոր միջոցներով՝ իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»։

Անդրադառնալով  հարցին՝ արդյոք մասնակից դառնալով ընտրություններին՝ իրենք չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Սաղաթելյանը ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության» շարժման պահանջների մեջ երբեք չի եղել ընտրությունների գնալու հարցը։

«Մեր պահանջն այլ է եղել, և մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք և  որևէ պայմանավորվածության մեջ չենք մտել նրանց հետ։ Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար այլ տարբերակ չունենալով՝ նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե մեր չմասնակցելով այդ ընտրությունները չէին կայանալու, ապա մենք չէինք մասնակցի, բայց մեր մասնակցությամբ պայմանավորված չի եղել՝ այդ ընտրությունները կկայանան, թե ոչ»։

Սաղաթելյանը շեշտեց, որ նույնիսկ մանդատները վերցնելու պարագայում իրենք շարունակելու են պայքարը այս իշխանությունների դեմ և չեն հրաժարվելու փողոցից:

«Մենք բոլոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք, և դա չի քննարկվում։ Խորհրդարանը և մանդատը լինելու են լրացուցիչ գործիքակազմ մեր պայքարին ավելի մեծ թափ տալու համար։ Նորից եմ կրկնում՝ մենք այս ընտրություններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այո մասնակցել ենք ամբողջական իշխանություն վերցնելու համար։ Մենք խոսել ենք պետականությունից, տնտեսությունից, անվտանգությունից, Արցախից, իսկ դիմացինը շարունակել է ղժղժալ և մի հատված գնացել, քվեարկել է, մնացածն էլ վարչական ռեսուրսի համատարած օգտագործում է եղել»։

Խոսելով Արմեն Չարչյանի կալանավորման մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ այն հոդվածով, որով մեղադրում են Չարչյանին, ՀՀ բոլոր մարզպետները պետք է ցմահ դատապարտվեն։

«Դպրոցի բազմաթիվ  տնօրենների, համայնքի ղեկավարների վրա ակնհայտ ճնշումներ են գործել։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Երբ ասում են, որ օրենքի դիկտատուրա է լինելու, մեզ համար պարզ է , որ փորձելու են  Նիկոլի դիկտատուրա հաստատել, իսկ դա պետք է կանխել մեր ունեցած գործիքակազմով»։

Սաղաթելյանը բավարար չգնահատեց միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների գնահատականները։

«Դիտարկման նախընտրական շրջանում, երբ Փաշինյանը մուրճը վերցրել էր ընկել համայնքի ղեկավարների հետևից, պարբերաբար հնչեցվել են ակնհայտ սպառնալիքներ և պատշաճ արձագանք չի եղել»։