գլխավոր Իրադարձային Դեռ սպասել է պետք. Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Դեռ սպասել է պետք. Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, խորհուրդ է տվել սպասել։

«Սյունիքում արդեն իսկ ռուսական սահմանապահների դիրքեր կան` հայ–ադրբեջանական սահմանի վիճելի հատվածներում։ Իսկ ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա սպասել է պետք»,–ասաց Սանոսյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գեղարքունիքի հատվածում ռուս զինծառայողների տեղակայման հարցի առնչությամբ քննարկումներ են գնում։ Սակայն, ըստ նրա, վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: