գլխավոր Իրադարձային «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին

«Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին

Վերցնել, թե չվերցնել պատգամավորական մանդատները հարցի վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` փոխարենը հայտնելով իր անձնական կարծիքը։

«Երեկ քննարկում էինք և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց, ասաց, որ եթե ամբողջական խնդիրը չես լուծում, բայց դու վերցնում ես ինչ–որ խրամատներ, ապա պետք է այդ խրամատները ոչ թե պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, բայց քաղաքական պայքար է, ու այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում։ Ես, այո՛, համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ նոր հնարավորություններ»,– ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ մտադիր են շարունակել թե՛ խորհրդարանական, և թե՛ փողոցային պայքարը։

«Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու և խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։ Առաջինն այդ ամբիոնն է` երկրի համար մեկ ամբիոնը, որը հնարավորություն է տալու վեր հանել ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատապես գնումների գործընթացներում, և մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,– ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը չբացառեց, որ, եթե իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով, ինչ նախորդ 3 տարիներին, դա կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրությունների։