գլխավոր Իրադարձային Ամալ Քլունին գերմանական դատարանում արդարադատություն է ապահովել 14 տարեկանից ԻՊ-ի գերության մեջ...

Ամալ Քլունին գերմանական դատարանում արդարադատություն է ապահովել 14 տարեկանից ԻՊ-ի գերության մեջ գտնված ու բռնաբարված եզդի կնոջ համար

Միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, որը մասնագիտանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, արդարադատություն է ապահովել 23-ամյա եզդի կնոջ համար, որը 14  տարեկանից Սիրիայում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերության մեջ և բռնաբարվել է այդ ընթացքում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քլունին դատարանում ներկայացրել է այդ կնոջ շահերը:

Մեղադրյալի կարգավիճակում է եղել Սառա Օ. կեղծ անունով կինը, որը գերմանական Դուսելդորֆում դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման: Ծագումով ալժիրցի կինը դեռահաս տարիքում` 2013-ին մեկնել է Սիրիա, որտեղ ամուսնացել է թուրք-գերմանական ծագումով ոմն Իսմայիլ Ս.-ի հետ: 2015-ից սկսած զույգը սկսել է ստրակացնել եզդի կանանց ու աղջիկներին, որոնք առևանգվել են ԻՊ-ի գրոհայինների կողմից ու վաճառվել «խալիֆայության» տարածքով մեկ: Երկու տարում Սառա Օ.-ն և ամուսինը ստրկացրել են յոթ եզդի կնոջ, որոնք այնուհետև վերավաճառվել են, իսկ մի 14-ամյա աղջիկ էլ մահացել է գերության մեջ:

Սառա Օ.-ն ծեծել է կանանց ու ամուսնուն օգնել սեռական ոտնձգություններ կատարել` նրանց նախապատրաստելով բռնաբարությանը: Բացի այդ, նա կանանց ստրուկի պես աշխատացրել է իր տանը:

Զույգը ձերբակալվել է 2018-ի փետրվարին` Թուրքիայում: Ամիսներ անց Սառան արտահանձնվել է Գերմանիա, որտեղ 2019-ին սկսվել է նրա դատը:

Սառայի վճռի հրապարակումից հետո բռնության զոհը, որին ներկայացրել է 43-ամյա Քլունին, ասել է.«Ոչ մի վճիռ չի կարող բավարար լինել մեր տառապանքի համար, բայց անսահման երախտապարտ եմ գերմանացի դաշնային դատախազներին և դատարանին հետաքննելու ու  եզդիների դեմ իրագործված հանցանքների վրա լույս սփռելու համար»: