
ԱՄՆ Միչիգանի համալսարանի բժիշկները բարեհաջող անցկացված վիրահատության արդյունքում իրարից առանձնացրել են մարմիններով կպած երկվորյակ քույրերին, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սարաբեթ և Ամելիա Այրվին քույրերից յուրաքանչյուրն առանձին ձեռքեր, ոտքեր, սիրտ են ունեցել, սակայն կիսել են նույն լյարդը:
Նշվում է, որ ի սկզբանե փոքրիկներին միմյանցից առանձնացնելու վիրահատությունը նախատեսված է եղել փետրվարին իրականացնել, սակայն այդ ժամանակ երեխաները թոքաբորբ են տարել, իսկ հետո կորոնավիրուսի համավարակն է սկսվել: Ուստի՝ ծնողները միայն օգստոսին՝ փոքրիկների ծննդից 14 ամիս անց են կարողացել նրանց վիրահատության տանել:
Նշվում է, որ մեկ տասնյակից ավելի բժիշկների ու քույերերի մասնակցությամբ մոտ 11 ժամ տևած վիրահատությունից հետո փոքրիկները հաջողությամբ առանձնացվել են միմյանցից և արդեն տանն են:
Չնայած, որ հետագայում երեխաներին թերապիաներ անհրաժեշտ կլինեն ֆիզիկական զարգացվածության համար՝ բժիշկները լիահույս են, որ քույրերը պայծառ ու առողջ ապագա կունենան:




