գլխավոր Միջազգային Ուկրաինան ազդարարել է Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին

Ուկրաինան ազդարարել է Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին

Ուկրաինան եւ Թուրքիան գտնվում են Ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու շեմին: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի արդյունքներով, գրում է «Ուկրինֆորմը»:

«Մենք պետք է համաձայնության գանք առեւտրային դիրքերի շուրջ, ինչը շատ զգայուն է երկու երկրների տնտեսությունների համար: Մենք կարող ենք համաձայնության գալ միայն փոխզիջման միջոցով, որին երկու կողմերը կդիմեն՝ զիջումներ անելով»,- պարզաբանել է դիվանագետը: Նրա խոսքով՝ սա ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում Ուկրաինայի ու Թուրքիայի համար ամենաբարդ քայլն է:

Կուլեբան ընդգծել է, որ «երկու երկրների կողմից էլ կա քաղաքական կամք» եւ պայմանագրի կնքումն անվանել է անխուսափելի: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունները պետք է պահպանեն շահերի հավասարակշռությունը, որի համար իրենց փորձագետները պետք է համաձայնության գան: Նախարարը նաեւ հավաստիացրել է, որ համաձայնագրի ստորագրումը կփոխհատուցի երկրներին բոլոր փոխզիջումների համար: