գլխավոր Իրադարձային Հայաստանի ներսում թշնամիներ չկան, կա օրենք, և Սահմանադրության, և օրենքների առաջ բոլորը...

Հայաստանի ներսում թշնամիներ չկան, կա օրենք, և Սահմանադրության, և օրենքների առաջ բոլորը հավասար են. Պապիկյան

«Երեկ դուք ձեր քվեարկությամբ իշխանություն ձևավորելու հնարավորություն եք տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Դուք հնարավորություն եք ընձեռել, որ ՔՊ վարչապետի թեկնածուն ընտրվի երկրի վարչապետ»,- Հանրապետության հրապարակում անցկացվող հարնահավաքի ժամանակ ժողովրդին դիմեց Սուրեն Պապիկյանը: 

«Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին՝ մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը: Ու սա ի լուր բոլորի է՝ ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցինք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը»,-ասաց Պապիկյանը:


Ըստ նրա, ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, իրենց քաղաքական ուժը ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 54 տոկոսի վստահության քվեն: 
«687 հազար 414 քաղաքացի վստահության քվե է տվել, պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: 
Սա խիստ պարտավորեցնող է, բայց սա նաև ձեր հաստատակամությունն է, որ փոխանցվել է մեզ: Ըստ այդմ, նաև պետք է արձանագրենք, որ 2021 թվականի հունիսի 21-ի արդյունքում մենք իշխանություն դառնալու հնարավորություն ենք ստացել ոչ միայն մեզ ընտրողների, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: 
Սա շատ կարևոր է, և մեկ անգամ ևս պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներսում թշնամիներ չկան, կա օրենք, և Սահմանադրության, և օրենքների առաջ բոլորը հավասար են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-հայտարարե Պապիկյանը: