գլխավոր Իրադարձային Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում...

Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի’ հայ ժողովուրդ. Ս. Բաբայան

Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն  հզոր պետության : Այս մասին ասվում է «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի տաածած հայտարարությունում։

«Հարգելի’ հայրենակիցներ

Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ  ցանկացած դասավորումների դեպքում  հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:

Այսօր ես կրկնում եմ`տեղի  է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի’ հայ ժողովուրդ: Թո’ղ ձեր բոլոր սպասումները իրականանան:

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագիրը: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ  հանդեպ  ունեցած  ձեր վստահությամբ և  ձեր այն անսասան համոզմամբ, որ  միշտ ձեր առաջ եղել եմ և  լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:

Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից`  ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ`  ճշմարտություն է:  Եվ միշտ այդպես կլինի:

 Ես շնորհավորում եմ  Խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո’չ եմ անում  ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել  իր ձայնը ձեզ վստահած  ժողովրդի  շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:

Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն  հզոր պետության»,- ասված է հայտարարությունում: