գլխավոր Իրադարձային Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Մենք ունենք տեղեկություններ, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում ասել է ԼՀԿ–ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը` տեղեկանում ենք Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված   Ադրբեջանում։ Այսինքն` շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը»,–ասել է Մարուքյանն իր ելույթում։

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` հիշեցնելով, որ դեռ մայիսի 12-ին են ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել  հայկական սահմանն ու 3.5կմ առաջ եկել այդ հատվածում։ Մարուքյանը շեշտել է`  ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը։ Մարուքյանը կոչ է արել եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության դեմ։

Բացի այդ, նա կոչ է արել նաև Հայաստանի հետ միասնական քայլեր անել՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից։

Նշենք, որ Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Վեհաժողովի ամառային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը լինելու է իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրը։