գլխավոր Իրադարձային Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

 «Հայաստան» ընտրական դաշինքն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են համարվում: Այս մասին են վկայում ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման տվյալները:

Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը։ Հարցումն անցկացվել է հայաստանցիների նախընտրական տրամադրությունները պարզելու նպատակով, մասնակցել են տարբեր սեռի ու տարիքի 992 մարդ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2%-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտը «Հայաստան» դաշինքն է, որը ձևավորվել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32 տոկոսը: Ըստ հարցման՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 24 տոկոսը:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 4 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2-ական տոկոս։ Հարցման մասնակիցների 10 տոկոսն ասել է, որ չի գնա ընտրությունների, մասնակիցների ևս 10 տոկոսը դժվարացել է պատասխանել` ում կընտրի: Մասնակիցների 16 տոկոսն առաջարկել է քվեարկության իր տարբերակը։

Այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 593 572 մարդ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։