գլխավոր Իրադարձային Թուրքիան Alpagu անօդաչու սարքի փորձարկումներ է կատարում

Թուրքիան Alpagu անօդաչու սարքի փորձարկումներ է կատարում

Alpagu անունով տեղական թուրքական նոր անօդաչու սարքը հաջողությամբ իրականացրել է իր առաջին փորձնական կրակոցները, հայտնում է Ahval-ը՝ հղում անելով Hürriyet Daily News-ին:

Ըստ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տարածած հայտարարության՝ «Աքսարայ» զորակայանում անցկացված փորձարկումների ժամանակ Alpagu-ն լիարժեք ճշգրտությամբ հարվածել է թիրախին:

«Գործարկումից հետո,- ասվում է հայտարարության մեջ,- Alpagu-ն, որը թռել է մոտ 10 րոպե, հետեւել է թիրախին` օգտագործելով պատկերի հետեւման ծրագրակազմ: Մինչեւ վերջին պահը աննկատ մնալով՝ Alpagu-ն զինամթերքի հետ միասին ոչնչացրել է իր թիրախը»:

Ըստ արտադրողի՝ անօդաչուն «նախատեսված է ինչպես հետախուզության եւ դիտարկման, այնպես էլ տեսողության ուղիղ գծից դուրս թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար, այն կարող է տեղաշարժվել մեկ զինվորի կողմից, ինչպես նաեւ կարող է աշխատել ինքնավար կամ հեռակառավարմամբ»:

Անօդաչուի քաշը 2 կիլոգրամից պակաս է, բայց կարող է զգալի քանակությամբ պայթուցիկ նյութեր կրել: Արտադրողը գովազդում է Alpagu-ի արհեստական ինտելեկտը, պատկերի մշակման հնարավորությունները, մեկնարկի արագությունը, ռադարների հանդիպման հավանականությունը եւ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու ենթադրյալ կարողությունը: