գլխավոր Միջազգային Ռոհանին հանդիպել և շնորհավորել է իր փաստացի իրավահաջորդ Իբրահիմ Ռաիսիին՝ նախագահի պաշտոնում...

Ռոհանին հանդիպել և շնորհավորել է իր փաստացի իրավահաջորդ Իբրահիմ Ռաիսիին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպել և շնորհավորել է իր փաստացի իրավահաջորդ Իբրահիմ Ռաիսիին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Ալիռեզա Մոեզիին։

Իրանի նախագահը Գերագույն հոգևոր առաջնորդից հետո երկրում 2-րդ կարևոր պաշտոնն է, որն ընտրվում է 4 տարի ժամկետով՝ համընդհանուր ընտրությունների միջոցով։ Պաշտոնում ընտրված անձը չի կարող պաշտոնավարել ավելի քան 2 անգամ։ Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների մեծամասնությունը (ավելի քան 50 տոկոս)։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք  Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 28,6 միլիոն ձայների ավելի քան 50 տոկոսը: Այս մասին հայտարարել էր նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը։

«Մեր հայրենակիցների 28,6 միլիոնը մասնակցել է ընտրություններին: Նախնական տվյալներով Իբրահիմ Ռաիսին մինչ այս ստացել է ավելի քան 17,8 միլիոն ձայն, Մոհսեն Ռեզաին՝ ավելի քան 3,3 միլիոն ձայն, Հեմաթին՝ ավելի քան 2,4 միլիոն ձայն, Ղազիզադե Հաշեմին՝ մոտ 1 միլիոն ձայն», – հստակեցրել էր շտաբի պետը:

Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել: