գլխավոր Միջազգային Իրանում նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կարող է ռեկորդային ցածր լինել երկրի պատմության...

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կարող է ռեկորդային ցածր լինել երկրի պատմության մեջ

Երևանի ժամանակով ժամը 01:30-ի դրությամբ առնվազն 28,4 միլիոն մարդ է քվեարկել Իրանի նախագահական ընտրություններին: Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է նախագահի թեկնածու Աբդոլնասեր Հեմաթիի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջահանբախշ Խանջանին, գրում է EurAsia Daily-ն:

Խանջանիի խոսքով՝ Հեմաթին խնդրել է Ներքին գործերի նախարարությանը երկարացնել քվեարկության ժամանակը, սակայն որպես պատասխան նրան ասվել է, որ Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կարգով դա անհնար է:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ընտրությունների շտաբի պետ Ջամալ Օրֆը հայտարարել էր, որ երկրում ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի 59,31 միլիոն քաղաքացի: Այսպիսով՝ ընտրողների մասնակցությունը կարող է կազմել շուրջ 48%:

Ենթադրվում է, որ մասնակցության պաշտոնական տվյալները կհայտարարվեն շաբաթ օրը՝ Երևանի ժամանակով մինչ ժամը 11:30-ը: Ընտրություններին ընդառաջ մի շարք ուսումնասիրություններ հաղորդում են այս տարի ընտրական գործընթացների նկատմամբ Իրանի բնակչության հետաքրքրության հավանական անկման մասին:

Այսպիսով, Հասարակական կարծիքի հարցումների ուսանողական կենտրոնը տեղեկացրել է, որ հարցվածների 42%-ը ցանկություն է հայտնել գալ և քվեարկել: Միևնույն ժամանակ, տարբեր տարիների իսլամական հանրապետությունում այս ցուցանիշը տատանվել է 50-85%-ի սահմաններում: Սա նշանակում է, որ ներկայիս ընտրություններին մասնակցության ցուցանիշը կարող է ռեկորդային ցածր լինել երկրի պատմության մեջ: