գլխավոր Գլխավոր Անմեղ եմ, խնդիրներ ունենալ չեմ կարող․ Արա Աբրահամյանը` Ադրբեջանի կողմից իր նկատմամբ...

Անմեղ եմ, խնդիրներ ունենալ չեմ կարող․ Արա Աբրահամյանը` Ադրբեջանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանել է իր նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել, որ դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացել այդ մասին՝ հավելելով, որ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են և ինքը հետևանքներից չի վախենում։

«Ադրբեջանի դատախազությունը ցանկացած բան կարող է հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի, եթե նրանք գործ ունենան Ղարաբաղում մարդու իրավունքները ոտնահարող իրենց հանցագործների հետ: Ինձ համար դա ծիծաղելի է, ես անմեղ եմ, խնդիրներ ունենալ չեմ կարող», – ասել է Արա Աբրահամյանը և հավելել, որ պաշտոնական տեղեկատվության դեպքում փաստաբանները կկարգավորեն հարցը։ Նրա խոսքով՝ նման դեպքում նա ինքը կդիմի միջազգային դատարան՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

«Հուսով եմ, որ կգա ժամանակ, որ իրենք կդատվեն», – նշել է հայերի միության նախագհաը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ:

2021 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, իսկ գլխավոր դատախազության քննչական վարչությանը հանձնարարվել է հետաքննել գործը: Հայ գործարարների նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց և հայտարարվել միջազգային հետախուզում: