գլխավոր Աշխարհ Դադարեցրե՛ք հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը. Եվրախորհրդարանի պատգամավորը դիմել է Ադրբեջանին

Դադարեցրե՛ք հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը. Եվրախորհրդարանի պատգամավորը դիմել է Ադրբեջանին

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:

Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դեմ ապօրինի դատավարությունը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Իսկ հունիսի 14-ին ադրբեջանական դատարանը, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման է դատապարտել Շուշիի մերձակայքից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին: