գլխավոր Միջազգային Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ. Պեսկով

Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ. Պեսկով

ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ հատուկ ուշադրության և սեփական  անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու հիմք է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:

«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի պատճառ է հանդիսանում», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով`դա Ռուսաստանի համակ ուշադրության հարց է:

«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ընդհանուր առմամբ,  չպետք է պարունակի  տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել»,-հավելել է Պեսկովը:

Մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ են գործելու  երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»: