գլխավոր COVID-19 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 միլիոն մարդ. Reuters-ի վերլուծությունը (լուսանկարներ)

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 միլիոն մարդ. Reuters-ի վերլուծությունը (լուսանկարներ)

Reuters լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվն անցել է 4 միլիոնը, և բազմաթիվ երկրներ պայքարում են պատվաստանյութ հայթայթելու համար։

Հակառակ նրա, որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նման երկրներում վարակակիրների և վարակի հետևանքով մահվան դեպքերի թիվը կրճատվել է, մի շարք երկրներում պատվաստանյութի զգալի պակաս կա, քանի որ Դելտա տարբերակը, որն առավել վտանգավոր է, ամբողջ աշխարհում գերիշխող շտամ է դառնում։

Լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ կորոնավիրուսի տարածման առաջին մեկ տարվա ընթացքում վարակի հետևանքով մահացել է 2 միլիոն, իսկ հաջորդ 166 օրվա ընթացքում՝ նույնպես 2 միլիոն մարդ։

Մահացությունների դեպքերի թվով առաջին հինգ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Մեքսիկան, որտեղ գրանցվել է ընդհանուր մահերի 50 տոկոսը, իսկ բնակչության թվի հետ տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ մահերը գրանցվել են Պերուում, Հունգարիայում, Բոսնիայում, Չեխիայում և Ջիբրալթարում։ Մարտից ի վեր վարակի տարածման ամենավատ բռնկումները տեղի են ունենում Լատինական Ամերիկայի երկրներում։

Մահերի թվի կտրուկ աճը բազմաթիվ երկրներում թաղման հետ կապված խնդիրներ է առաջացրել, ընդհուպ որոշ երկրներում սկիզբ է դրվել դիակիզմանը։ 

Խնդրի լուծման համար առավել հարուստ երկրներին հորդորել են ավելի շատ պատվաստանյութ հատկացնել համեմատաբար աղքատ պետություններին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորոնավիրուսի դեմ 500 միլիոն չափաբաժին Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութ կգնի՝ այլ պետությունների տրամադրելու համար։ Ավելի վաղ Բայդենի աշխատակազմը հայտարարել էր հունիսի վերջին առնվազն 80 միլիոն չափաբաժին պատվաստանյութ աշխարհի այլ պետությունների հատկացնելու մասին։ Ըստ The New York Times-ի՝ Միացյալ Նահանգները պատվաստանյութը ձեռք է բերելու «ոչ առևտրային» գնով։ Աղբյուրների համաձայն՝ առաջին 200 միլիոն չափաբաժինը բաշխվելու է 2021 թվականի ընթացքում, իսկ 300 միլիոնը՝ 2022 թվականի կեսերին։ Պատվաստանյութը կստանա մոտ 100 երկիր: