գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի դեմ պայքարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվել է

Tert.am-ը գրում է․ Այսօր Ազգային ժոդովը ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ասաց, որ նորություն ասած չի լինի, եթե ասի, որ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրություններին զերծ պահել վարակից: Հետևաբար մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»,-ասաց նա և նշեց, որ իրենք կառաջադրեն պատգամավորների, որոնք կներգրավեն կազմում:

Այսպիսով նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն՝ 110 կողմ ձայնով ընդունվեց։