գլխավոր Իրադարձային «Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին». Տիգրան Արզաքանցյանի...

«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին». Տիգրան Արզաքանցյանի խոսնակ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Այսօր Դատարանը մերժել է Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ 

«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում պարոն Արզաքանցյանը կներկայացվի որպես երկրի վարչապետ»,–ասաց նա։ 

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա նշեց․«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին»։ 

Խոսնակը նաև նշեց, որ Տիգրան Արզաքանցյանը նույն կերպ շարունակելու է պայքարը, սակայն հարցին, թե պաստառներից հանվելու են նրա նկարները, նա ասաց, որ այդ մասին դեռ չի կարող ասել։ 

Ամեն դեպքում նա նշեց, որ դատարանի որոշումն արդարացի չեն համարում։ «Մենք գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց։ Մեր կարծիքով դա փորձ է այն մարդուն, որը բավականին մեծ հեղինակություն և ռեյտինգ հավաքեց այս ընթացքում, հեռացնել քաղաքական պայքարից»,––ասաց նա։