գլխավոր Քաղաքականություն Պուտինը հայտարարել է, որ Նավալնին իր համար ընդամենը դատապարտված ռուսաստանցիներից մեկն է

Պուտինը հայտարարել է, որ Նավալնին իր համար ընդամենը դատապարտված ռուսաստանցիներից մեկն է

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բանտարկելու կամ ազատ արձակելու մասին որոշումը դատարանի իրավասության շրջանակներում է, իսկ գաղութում նրան ոչ մեկից ավելի վատ չեն վերաբերվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է երկուշաբթի օրը Կրեմլի կայքում:

«Մեզ մոտ նախագահը նման որոշումներ չի կայացնում, դատարանն է կայացնում  այդպիսի որոշումներ՝ ազատ արձակել, ազատ չարձակել»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ՝ պատասխանելով Նավալնիի մասին հարցին:

«Նրան ինչպես ասես կարելի է անվանել: Ինձ համար նա Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներից մեկն է, որը դատապարտվել է Ռուսաստանի դատարանի կողմից և գտնվում է ազատազրկման վայրում, նրանց թիվը շատ է»,- շարունակել է Պուտինը` նշելով, որ վերաբերմունքը Նավալնիի նկատմամբ «ոչնչով ավելի վատը չէ, քան մյուսների նկատմամբ»:

«Մենք ոչ ոքի համար չպետք է որևէ բացառիկ պայմաններ ստեղծենք, դա սխալ կլինի, բոլորը պետք է հավասար դիրքում լինեն: Եվ դա վերաբերում է նաև այն մարդուն, որի մասին դուք հիշատակեցիք»- ավելացրել է պետության ղեկավարը:

Զրույցի ընթացքում լրագրողը հարցրել է Ռուսաստանի ղեկավարին, թե արդյոք նա տվել է Նավալնիին սպանելու հրաման: «Իհարկե, ոչ: Մենք ինչ-որ մեկին սպանելու սովորություն չունենք»,- պատասխանել է Ռուսաստանի նախագահը:

Նա հիշեցրել է, որ Նավալնին պատիժ է կրում գաղութում այն պատճառով, որ նախկինում խախտել է պայմանական դատվածության կանոնները: «Երկու անգամ անձը պայմանականորեն է դատապարտվել: Փաստացի, նրան պարզապես նախազգուշացրել են՝ չխախտել Ռուսաստանում գործող օրենսդրությունը: Ոչ, օրենքի պահանջների լիակատար անտեսում»,- նշել է Պուտինը:

«Եթե ինչ-որ մեկը թաքնվում է քաղաքական գործունեության հետևում, որպեսզի լուծի իր սեփական գործերը, այդ թվում՝ կոմերցիոն, ապա անհրաժեշտ է համապատասխան կերպով պատասխան տալ»:

Իր հերթին, Պուտինը մի քանի հարց է ուղղել իր զրուցակցին՝ կապված ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի հետ: «Ես ուզում եմ Ձեզ հարցնել. Դուք հրաման տվե՞լ եք սպանել կնոջը, որը մտել է Կոնգրես, և որին գնդակահարել է ոստիկանը: Գիտե՞ք, որ ունեք 450 մարդ, որոնք ձերբակալվել են Կոնգրես մտնելուց հետո»,- հետաքրքրվել է նա:

Բողոքողները, ինչպես նշել է ռուս առաջնորդը, չէին եկել Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ «այնտեղից համակարգիչ գողանալու համար, նրանք եկել էին քաղաքական պահանջներով»: Արդյունքում, 450 մարդ է ձերբակալվել, նրանց սպառնում է ազատազրկում 15-ից 25 տարի ժամկետով, հիշեցրել է Ռուսաստանի առաջնորդը:

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերին մասնակցածներից ոմանք այժմ մեղադրվում են «իշխանությունը զավթելու նպատակով դավադրության» կամ կողոպուտի համար, չնայած «նրանք չէին եկել թալանելու»: «Մի՞թե սա քաղաքական հայացքների պատճառով հետապնդում չէ»,-հարցրել է Պուտինը: