գլխավոր Իրադարձային Հեղափոխությունից հետո բերել եմ 20 մլրդ դոլար վարկ՝ մեկ տոկոսով, որը չեն...

Հեղափոխությունից հետո բերել եմ 20 մլրդ դոլար վարկ՝ մեկ տոկոսով, որը չեն ընդունել. Ծառուկյան

Մեր խմբակցության կարգախոսն է «Անվտանգ պետություն, հզոր Հայրենիք», իսկ հզոր Հայաստան մենք կարող ենք ունենալ միայն, երբ մեր ժողովրդի վիճակը լավ լինի: Այս մասին Արագածոտնում հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նրա բնորոշմամբ՝ այժմ ժողովրդի վիճակը շատ ծանր է, քանի որ բոլոր քաղաքացիները ունեն վարկեր: «Մենք նշում ենք, որ բոլոր ոլորտներում պետք են ներդրումներ, որպեսզի զարգանան և մարդիկ աշխատատեղ ունենան: Հեղափոխությունից հետո ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ, մեկ տոկոսով, որը չեն ընդունել։ Գյուղացու ունեցվածքը չպետք է հողին մնա», – նշել է ԲՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ արաբական երկրները ունեն գյուղատնտեսական մթերքի կարիք և մենք կարող ենք իրենց այդ մթերքով ապահովել:

«Մենք որևիցե բան չենք արտահանում, բայց ինչու գյուղացու աշխատանքը պետք է մնա դաշտում: Իմ ընկերը եկել էր Հայաստան ու ուզում էր Արարատում կառուցել սիլիցիումի գործարան, պատրաստ էր ներդնել 1 մլրդ դոլար: Տարի ու կես ձգձգվել է այդ պրոցեսը և նա մտքափոխվել է: Այսօր էլ կան մի շարք ոլորտներ, որոնց մեջ կարելի է ներդնել, դա կօգնի մեր պետությանը զարգանալ», – շեշտել է նա:

Նա կարեւորել է շուկայի ուսումնասիրությունը՝ նշելով- որ նախ պետք է հասկանալ, թե ինչի պահանջարկը կա: «Պետք է զբաղվենք այդ ոլորտները զարգացնելով, պետք է բանակը ուժեղացնենք և մեծամասամբ պետք է պայմանագրային ծառայողներով կազմակերպենք բանակի աշխատանքը: Մենք ունենք հող, աշխատող ժողովուրդ, ունենք բնական հանածոներ: Մենք պետք է կարողանանք օգտագործել մեր բոլոր առավելությունները և վաճառենք մեր օգտակար հանածոները թանկ գնով», – նկատել է Ծառուկյանը:

Նա նաև նշեց, որ ժողովուրդը հիասթափված և կոտրված է, սակայն իրավիճակը պետք է փոխվի: Պետք է քայլ կատարել, որ երիտասարդությունը չգնա, մնա Հայաստանում, պետք է անել այնպես, որ մեր երիտասարդությունը վերադառնա Հայրենիք, իսկ դրա համար անհրաժեշտ է աշխատատեղեր բացել:

«Այսօր մենք պետք է ամրապնդենք անվտանգությունը, խայտառակ իրավիճակ է: Մենք պետք է Ռուսաստանի հետ փաստաթուղթ ստորագրենք, որ հայ ու ռուս զինվորները ուս ուսի տված պահեն մեր սահմանները: Այժմ մեր սահմանների մոտ մինչև ատամները զինված կանգնած են թուրք և ադրբեջանցի զինվորները, ուրեմն մենք պետք է ավելի շատ զինվոր կանգնեցնենք սահմանին: Մենք ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ամրապնդենք մեր ռազմավարական դաշնակցի ` Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մարդիկ կան, որոնք ասում են, որ 4 տարի հետո ռուսները կգնան մեր տարածաշրջանից, բայց նման բան չի լինելու, այդ մարդիկ հուսախաբ են լինելու»,- եզրափակել է Ծառուկյանը: