գլխավոր Իրադարձային Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական...

Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

3 տարի դադարից հետո ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել է անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։

Միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտն համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները։

Այսօր արդեն հնարավոր է դարձել պայքարի նման միջոցառումների իրականացումը։ Աշխատանքների ընթացքին հետևում էր Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։

ՈՒշադրություն

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից: