գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը Բաքվին հնարավորություն տվեց Աղդամի ուղղությամբ հարձակվել Ստեփանակերտի վրա. Նահապետյան

Փաշինյանը Բաքվին հնարավորություն տվեց Աղդամի ուղղությամբ հարձակվել Ստեփանակերտի վրա. Նահապետյան

Ադրբեջանին հանձնելով ականապատ դաշտերի քարտեզները՝ Փաշինյանը հնարավորություն տվեց Բաքվին շատ արագ ականազերծել և վերաբնակեցնել Ակնայի տարածքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նշենք, որ շաբաթ օրը Հայաստան վերադարձել է 15 ռազմագերի, որոնց ազատության դիմաց Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի – Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:

Նահապետյանը շեշտեց, որ, անշուշտ, նոր ռազմագերիների վերադարձի դիմաց նոր ականապատած դաշտերի քարտեզներ են հանձնվելու:

«Ադրբեջանը ստանում է հնարավորություն շատ արագ ականազերծել այդ տարածքները: Եթե այդ քարտեզները չլինեին, այդ ականազերծումը տարիներ կտևեր, այդ գործընթացը ենթադրում է հսկայական ծախսեր, և այդ ականազերծման ժամանակ միևնույն է կլինեին պայթյուններ և զոհեր: Այսպիսով պարզ է դառնում, որ տարիներ շարունակ ադրբեջանցիները հնարավորություն չէին ունենա վերաբնակեցման աշխատանքներ իրականացնել այդ տարածքներում: Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին հնարավորություն է ընձեռում՝ արագ վերաբնակեցնել այդ տարածքները», – նշել է փորձագետն ու ընդգծել, որ Ակնան այն ուղղությունն է, որը Ադրբեջանը միշտ փորձելու է օգտագործել որպես հարվածային ուղղություն՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

«Երբ դու թշնամուն ընձեռում ես այդ տարածքում մարդուժի ու զինտեխնիկայի անարգել տեղաշարժի հնարավորություն, ապա դա իր մեջ ռազմական տեսանկյունից տարբեր ռիսկեր է պարունակում: Փաշինյանը Ադրբեջանին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, այդ ուղղությամբ ևս Ստեփանակերտի վրա ռազմական գործողություններ իրականացնել», – ասաց Նահապետյանը:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով, ռուս խաղաղապահ ուժերը Արցախում պետք է լինեն 5 տարի: Ընդ որում, այդ խաղաղապահ ուժերը չունեն միջազգային մանդատ:

«Այսինքն` անհրաժեշտության դեպքում, աշխարհաքաղաքական որոշ վայրիվերումների ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան կարող են պնդել, որպեսզի Ռուսաստանը Արցախից դուրս բերի իր խաղաղապահ ուժերը: Այսպիսի վտանգներ կան և այդ ռիսկերը առաջացան Արցախում մեր ապրող հայրենակիցների համար Փաշինյանի վարչակազմի և իր որոշմամբ: Այս տրամաբանությամբ ևս սպասվում է նոր ականապատ դաշտերի քարտեզների հանձնումը նոր ռազմագերիների դիմաց», – շեշտեց ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերվում է այն հարցին, որքանով էր համարժեք այս փոխանակումը, մեր հայորդիներին քաղաքական առեւտրի օբյեկտ դարձնելը՝ փորձագետը նկատեց, որ ոչ մի համարժեքության մասին խոսք անգամ գնալ չի կարող:

«Բանն այն է, որ 15 հայի վերադարձը մեր երկրի համար շատ կարևոր է: Սակայն, երբ դու թշնամուն տալիս ես հնարավորություն ականազերծել և օգտագործել այդ տարածքները, ապա Ադրբեջանի հարձակման դեպքում մեր զոհերը և վիրավորները, անգամ եթե մենք կարողանանք ջարդել թշնամուն, չափելի չեն լինի այն 15 մարդու հետ, որոնք վերադարձան: Չափելի չէ օգուտը, որը ստացավ Ադրբեջանը և այն վնասը, որը կրեցին Հայաստանը և Արցախը», – շեշտեց նա:

Նահապետյանը նաև ավելացրեց, որ հնարավոր էր ռազմագերիներին հետ բերել, և չհանձնել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները:

«Երկու տարբերակ կա, առաջինը` ռազմագերիների հարցով զբաղվում են տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմի Խաչի միջազգային կազմակերպությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատանքի ակտիվացումամբ միջազգային հարթակներում և օգտագործելով մեր ռազմավարական դաշնակից երկրի և մեր հարևան շահագրգիռ պետությունների հնարավորությունները, ճնշումներ էր պետք իրականացնել Ադրբեջանի վրա: Այսպիսով, մենք կկարողանայինք ակտիվացնել մեր ռազմագերիների վերադարձի հնարավորությունը: Դա դիվանագիտական և մարդասիրական ճանապարհն էր:

Երկրորդ տարբերակը` գերեվարել այն ադրբեջանցիներին, որոնք խախտելով ՀՀ պետական սահմանը առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի տարածքում: Պետք էր գերեվարել այնքան մարդ, որքան այժմ գերեվարված է Ադրբեջանում և փոխարինել իրենց բոլորը բոլորի դիմաց սկզբունքին համաձայն», – շեշտել է Նահապետյանը: