գլխավոր Քաղաքականություն Բակո Սահակյան. Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց...

Բակո Սահակյան. Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը՝ միջազգային ահաբեկիչ-մարդասպանների եւ Թուրքիայի օգնությամբ, բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա ստեղծեց տարածաշրջանում: Հունիսի 14-ին այս մասին Լազարեւյան ակումբի հերթական հանդիպման ժամանակ ասել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: «Այս ագրեսիայի հետեւանքով գրավվեց Ղարաբաղի տարածքի մոտ 70%-ը, հազարավոր երիտասարդներ, պաշտպանելով իրենց հայրենիքը, սպանվեցին, հարյուրավորներն անհետ կորան, իսկ ոմանք էլ մինչ այժմ գերության մեջ են Ադրբեջանում: Հազարավոր մարդիկ փախստական են դարձան»,- ասել է Սահակյանը: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնիսկ չեն թաքցնում, որ մտադիր են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը` դրանով իսկ խարխլելով անվտանգության տարածաշրջանային համակարգը: «Ակնհայտ է, որ այս մարտահրավերներին մենք պետք է համատեղ ջանքերով դիմակայենք»,- ասել է նա:

Այս համատեքստում Սահակյանը հիշեցրել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության ընթացքում ունեցել են եւ ունեն հատուկ նշանակություն: Մասնավորապես, նա անդրադարձել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերին:

«Ես կարծում էի եւ կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի դիտարկել որպես զուտ տարածաշրջանային հակամարտություն»,- ասել է Սահակյանը: Սա, նրա կարծիքով, իրական գլոբալ հակամարտություն է, եւ այս հակամարտության մեջ կան նույնպիսի գլոբալ շահեր: