գլխավոր Հասարակություն Պուտինն ու Լավրովը Սերբիայի նախագահից ներողություն են խնդրել Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար...

Պուտինն ու Լավրովը Սերբիայի նախագահից ներողություն են խնդրել Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար (լուսանկար)

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրենից  ներողություն են խնդրել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար: Այս մասին Սերբիայի ղեկավարն ասել է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ Պուտինը, ոչ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը երբևէ ինձնից ներողություն չէին խնդրել ինչ-որ բանի համար, բայց հիմա նրանք երկուսն էլ դա արել են, երբ ես նույնիսկ չէի հիշատակել դրա մասին (Զախարովայի գրառումը)»,-հայտարարել է Վուչիչը:

Նրա խոսքով ՝ Պուտինը ցույց է տվել «իր պարկեշտությունը» և նշել է, որ «Ռուսաստանը կամ ինքը անձամբ կանգնած չեն այդ հրապարակման  ետևում»:

Հարցին այն մասին, թե արդյոք Սերբիայի նախագահը չի կարծում, որ Զախարովան չէր կարող այդ հրապարակումը կատարել առանց ղեկավարության հետ խորհրդակցելու, Վուչիչը նշել է, որ ամեն մեկը կարող է դատել դրա մասին յուրովի և կրկնել է, որ Պուտինն արդեն ներողություն է խնդրել իրենից:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այցելել է Սպիտակ տուն, որտեղ սերբական պատվիրակությունը բանակցություններ է վարել ինքնահռչակ Կոսովոյի ներկայացուցիչների հետ ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ: Հանդիպումից հետո լուսանկար է հրապարակվել, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի դիմաց դրված աթոռին: Զախարովան մեկնաբանել է այդ լուսանկարը` հրապարակմանը կցելով «Հիմնական բնազդ» ֆիլմից «ոտքը ոտքի» վրա էրոտիկ տեսարանի լուսանկարը: