գլխավոր COVID-19 Ուսանողները չեն պատրաստվում հեռավար կրթության համար վճարել նույնքան, որքան առկայի

Ուսանողները չեն պատրաստվում հեռավար կրթության համար վճարել նույնքան, որքան առկայի

168.am-ը գրում է.

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել Կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը մանրամասնեց՝ իրենց նախաձեռնության համար հիմք է դարձել այն, որ հեռավար կրթությամբ պայմանավորված՝ ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Ստորագրահավաք են սկսել բոլոր բուհերի ուսանողների շրջանում: Նախաձեռնությանն արդեն միացել է ավելի քան 2500 ուսանող:

«Մարտ ամսից սկսած՝ համաճարակով պայմանավորված, դասապրոցեսը կազմակերպվում է հեռավար տարբերակով, որի արդյունքում զգալիորեն տուժում է կրթության որակը, բայց չգիտես ինչո՞ւ, ուսանողները շարունակում են նույն չափով վարձ վճարել, ինչ նախկինում: Ես չեմ ճանաչում մի դասախոսի, մի ուսանողի, որ չի տեսնում առկայի և հեռավարի տարբերությունը՝ բացասական առումով: Միանշանակ կրթության որակը տուժում է, ու դրանում այլ կարծիք, կարծես թե, չկա, որևէ մեկը չի էլ փորձում հակառակը պնդել: Սեպտեմբերի 1-ից՝ առաջին կուրսեցիների, իսկ սեպտեմբերի 15-ից՝ բարձր կուրսերի մոտ սկսվում է դասապրոցեսը: Այս կիսամյակում մշակվել է ինչ-որ հիբրիդային տարբերակ, որն իր հերթին՝ հավելյալ  խնդիրներ է առաջացնում, այն տեսանկյունից, որ մարզաբնակ ուսանողները մեկ-երկու օրվա համար ստիպված են լինելու գալ համալսարան, Երևանում բնակարան վարձել, որն ուսման վարձին զուգահեռ՝ ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացնում: Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց նորից ամբողջությամբ օնլայն ձևաչափի ենք անցնելու, բայց ուսանողներին ոչ մի զեղչ, փոխհատուցում չեն անում: Չհաշված, որ ուսանողները, իրենց ընտանիքի անդամները ֆինանսական լուրջ վնասներ են կրել, ծնողներից շատերն իրենց աշխատանքն են կորցրել, շարունակելու են նույն չափով վարձ վճարել»,- ասաց Ափոյանը:

Նա նշեց, որ դիմել են հենց Կառավարությանը, ոչ թե բուհի ղեկավարությանը, քանի որ բուհերը ֆինանսապես ի վիճակի չեն կատարել իրենց պահանջը:

«Բուհը ֆինանսապես այնքան մեծ ռեսուրս չունի, որ կարողանա բոլոր ուսանողներին մասնակի փոխհատուցում տալ, բացի այդ, դա պետական խնդիր է, պետության խնդիրն է, բուհի վրա թողնելը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բուհի կրթության կազմակերպման, դասախոսներին վարձատրելու տեսանկյունից, թե՛ տեխնիկական շատ հարցերի տեսանկյունից: Մենք կարծում ենք, որ խնդրի հասցեատերը պետությունն է, քանի որ խնդիրն իր երիտասարդության կրթության վրա է տարածվում»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահը:

Այս տարի 70-160 հազար դրամով  բարձրացվել է առաջին կուրսի ուսանողների վարձը: Դավիթ Ափոյանն ասաց, որ ինքը դեմ չէ բուհերում ուսման վարձերի բարձրացմանը, սակայն դրա համար ընտրվել է ոչ ճիշտ ժամանակահատված:

«Ուսման վարձերը պետք է բարձրանան, եթե մենք ուզում ենք որակյալ կրթություն, խոսքը դրա մասին չէ, բայց այս պահին, երբ երկիրն ամբողջությամբ ճգնաժամային իրավիճակում է, բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց հիմնական եկամտի աղբյուրը, մենք չենք կարող արդեն սովորող ուսանողին պարտադրել ամբողջական վարձ վճարել, էլ չեմ ասում՝ վարձ բարձրացնենք առաջին կուրսեցիների համար: Այդ քայլն ուղղակի կզրկի այդ մարդկանց կրթություն ստանալու հնարավորությունից, ուրիշ ոչինչ: Պետք է ուղղակի մի քիչ բարոյական մոտենալ էս հարցերին, իրավական առումով, իհարկե, խնդիր չկա, բայց ճիշտ ժամանակ ընտրված չէ»,- ասաց Ափոյանը:

Փոխհատուցման հստակ չափ, տոկոս ուսանողներն իրենց պահանջում չեն նշել, բայց սպասելիքներ, իհարկե, ունեն:

«Մենք հստակ չափ չենք նշել մեր պահանջի մեջ՝ հաշվի առնելով, որ պետության գրեթե բոլոր ոլորտներն են տուժել, թողել ենք դա պետության ողջախոհությանը: Իհարկե,  ակնկալում ենք 20-25 տոկոսի չափով փոխհատուցում, եթե 5 կամ 3 տոկոս փոխհատուցում լինի, դա բավարարող լինել չի կարող»,- ասաց Ափոյանը:

ԵՊՀ ՈւԽ նախագահը բոլոր ուսանողներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը.

«Եթե ուսանողն անձամբ չունի ֆինանսական խնդիրներ, գոնե թող մյուս իր ընկերների համար միանա նախաձեռնությանը, որ հաջողությամբ պսակվի»: