գլխավոր Հասարակություն Ինչո՞ւ են որոշ գյուղացիներ խուսափում անասուններին պատվաստելուց․ 2 մլն կենդանի պատվաստվել է

Ինչո՞ւ են որոշ գյուղացիներ խուսափում անասուններին պատվաստելուց․ 2 մլն կենդանի պատվաստվել է

Հայաստանում մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները և տուբերկուլինիզացիայի ախտորոշիչ միջոցառումը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լևոն Եղոյանը։

 Մարզերում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված, իսկ հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

«Մայիսի դրությամբ` ավելի քան 2 մլն անասուն պատվաստվել է, պատվաստումները մեր հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն և խթանելու են անասնապահությունը։ Պետք է անդրադառնամ մի մտահոգիչ երևույթի, որ որոշ գյուղացիներ խուսափում են իրենց անասուններին պատվաստելուց, որպեսզի կենդանիների առկայությունը չբացահայտվի և իրենք չզրկվեն սոցիալական նպաստներից։ Սակայն մյուս կողմից նման քայլի դիմելով` նրանք մեծացնում են հիվանդությունների ռիսկայնությունը, և արդյունքում հնարավոր է, որ սպառողների սեղանին հայտնվի անառողջ մսամթերք, հետևաբար բոլոր կենդանիների պատվաստումը բխում է ազգաբնակչության շահերից»,– ասաց Լևոն Եղոյանը։

Նորիկ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում կատարվել է 108 հազար 310 հա տարածքի մոնիթորինգ: Մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը որոշելու նպատակով մոնիթորինգ է իրականացվել է 67 հազար 50 հա վարելահողերում և բազմամյա տնկարներում, իսկ մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ կիրականացի 42 հազար 455 հա տարածքում:

«Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին բաշխվել է շուրջ 2 հազար 213 կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ, որն ավելի արդյունավետ է գործում` ի տարբերություն նախկինում կիրառված ցինկֆոսֆիտների»,– նշեց Նորիկ Բարսեղյանը։   

Նա հավելեց, որ հիվանդությունների և վնասատուների դեմ մոնիթորինգ է իրականացվել նաև պտղատու ծառերի և խաղողի այգիներում, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի տարածքներում: