գլխավոր Իրադարձային Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ...

Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից

Սյունիքի մարզում սահմանին մոլորված եւ ադրբեջանական տարածքում հայտնված տղաներին գերեվարվելուց փրկել է նրանցից մեկի մոտ եղած նռնակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Տրակտորներով երիտասարդ տղաներ են եղել, նրանց հետ եղել է նաև հողի սեփականատերը: Նիվաներով գնացել էն այնտեղ, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են, հատել են սահմանը: Նրանք 90-ականների ծնունդ են: Իրենց ծնված ժամանակից մինչև հիմա այդ հողն իրենք են մշակել: Սահմանը հատել են, հակառակորդի ստորաբաժանումները մոտ 10 հոգով մոտեցել են, ուզեցել են տանել նրանց ավելի խորքը, չի հաջողվել, տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ: Այնքան է այդպես պահել մինչև մենք հասել ենք: Ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի հետ անմիջապես կապնվեցինք, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի հետ, տեղյակ եմ պահել նաև մեր մարզպետին: Խառնվել ենք իրար ռուսները մի կողմից, մենք մյուս կողմից, բանակցությունների արդյունքում տեխնիկան ամբողջությամբ հանել ենք, հետ ենք բերել: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել է այնտեղ, հազիվ եմ պահել այդ տղաներին, թե չէ կատոկելու էին բոլորին: Ասել եմ՝ այստեղ կարող է՝ հաջողություն ունենանք, բայց ուրիշ տեղից մի բան լինելու է հաստատ: Ռուսների հետ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան հետ ենք բերել այն պայմանով, որ այլևս չենք մտնի այնտեղ: Հիմա նորմալ է ամեն ինչ, հանգիստ է վիճակը»,- պատմեց նա:

Համայնքապետի խոսքով` սահմանամերձ համայնքների բնակիչների զինելը անհրաժեշտություն է. «Որոշ բնակիչների մոտ արդեն կա: Այսինքն վարչական ղեկավարներով մենք զենքեր ենք տվել մարտական հերթապահություն իրականացնելու համար: Բայց, որ ավելի շատ լիներ, չէր խանգարի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ  դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։