գլխավոր Հարցազրույց Իշխանափոխությունից հետո այդ գնումների գործընթացը՝ և ոչ միայն ռազմական բնագավառում, պետք է...

Իշխանափոխությունից հետո այդ գնումների գործընթացը՝ և ոչ միայն ռազմական բնագավառում, պետք է դառնա խորը հետաքննությունների առարկա․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ գերիների վերադարձի հարցն այս իշխանությունը դարձրել է նախընտրական շահարկումների առարկա։

«Հնարավորություն ունենալով զիջումների դիմաց շատ ավելի վաղ հասնելու այս մարդկանց շուտափույթ վերադարձին՝ փաստորեն գործընթացը տեղափոխել են նախընտրական փուլ, որպեսզի այն կարողանան իրենց ներքաղաքական շահերի տրամաբանության մեջ օգտագործել,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը՝  նշեց Տիգրան Աբրահամյանը՝ արձանագրելով նաև, որ գերիների վերադարձը պետք է լիներ դեռևս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ,- ի դեպ, այդ եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չկար այդ քարտեզներն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ, սակայն Ադրբեջանը կարողացել է այդ հարցը բերել առաջնային օրակարգ, և ոչ միայն ամբողջությամբ չիրականացրեց եռակողմ հայտարարությամբ նախատեսված գերիների ամբողջական վերադարձը, այլ նրանցից ընդամենը տասնհինգի դիմաց ստացավ նոր զիջում, ինչը, կրկնում եմ, որևէ ձևով չի տեղավորվում եռակողմ հայտարարության շրջանակներում»։

Հիշեցնենք՝ այսօր Եղվարդում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Երեկ հայ հանրությունն ուրախություն էր ապրում՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ, և երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ էլի կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ։

Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել․ փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, ու հիմա էլ՝ սուգ ու շիվան են դրել, թե՝ բա մեր քարտեզները տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն։ Ժողովուրդ ջան, ես երեկ հայտարարեցի, այո՛, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք՝ բոլորը վերադարձվել են»։

Ամփոփելով՝ նա նշել է, որ «տասնհինգ ընտանիք վերագտել է իրեն», ինչը շատ կարևոր է, քանի որ հույս է մյուս ընտանիքների համար, որովհետև խոսքը ոչ թե ուղղակի 15 գերերվարված զինծառայողների վերադարձի մասին է, այլ գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերակենդանացնելու մասին, ապա նկատել՝ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել։

Խոսելով Փաշինյանի մեկ այլ՝ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից քննադատված նախընտրական պնդման մասին, թե վերջին տասը տարվա ընթացքում իրականացրել են ամենամեծ ծավալով գնումները, ռազմական փորձագետը նկատեց, որ վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանը հնարավորություն է ունեցել ռազմական տեխնիկայի անհրաժեշտ ներկրումների միջոցով ապահովելու տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

«Արդյունքն այն է, որ Ադրբեջանը, կլինի 2014 թ․-ի դիվերսիոն պատերազմների ժամանակաշրջանը, կլինի Ապրիլյան մարտական գործողությունների փուլը, Հայաստանը հնարավորություն է ունեցել ոչ միայն կանխելու հետագա լարումը, ադրբեջանական արկածախնդրությունը, այլ հնարավորություն է ստացել պաշտպանելու և ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով․- Ի՞նչ գրոշի արժեք ունի այս իշխանության «ձեռքբերումները», եթե մենք այս պատերազմում այսպիսի խայտառակ արդյունք ենք ունեցել, ո՞ւմ է պետք, օրինակ, 150-160 մլն դոլարով ինքնաթիռների գնումը, եթե դրանք չեն ունեցել զինամթերք և պատերազմում, փաստորեն, որևէ ձևով չեն օգտագործվել։

Հաջորդը՝ 2018 թվականին, երբ այդ ժամանակվա իշխանությունները հեռանում էին, պաշտպանության ռեզերվի բյուջեներում և կառավարության ռեզերվային բյուջեում ունեցել են ճգնաժամի համար նախատեսված բավականին մեծ գումարները, որոնք հետագայում այս իշխանությունն օգտագործել է զինամթերք ձեռք բերելու համար և այսօր դա ներկայացրել է որպես իր ձեռքբերում»։

«Եթե խոսում է ձեռքբերումների մասին՝ արդյո՞ք այդ նույն մեծածավալ գնումները վերաբերում էին գործարանից գնված և որևէ բանի ոչ պիտանի հակաօդային պաշտպանության զինատեսակներին։

Այստեղ ես ավելի մեծ խնդիր եմ տեսնում՝ կոռուպցիայի, թալանի մեծ ռիսկ, և իշխանափոխությունից հետո այդ գնումների գործընթացը՝ և ոչ միայն ռազմական բնագավառում, պետք է դառնա խորը հետաքննությունների առարկա։ Իշխանությունները փաստացի ասում են, որ մեծ գումարներ են ծախսել, բայց որևէ խնդիր, փաստորեն չեն կարողացել լուծել․ այն, պարագայում, երբ մենք հինգ տարի առաջ Ադրբեջանին թույլ չտվեցինք շատ ավելի ծավալային մարտեր վարել մեզ հետ ապրիլին, թույլ չտվեցինք պատերազմն առավել մասշտաբային փուլի բերել և, բնականաբար, թույլ չտվեցինք որպեսզի այսքան տարածքային կորուստներ և զոհեր լինեն»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ ընդամենն օրեր առաջ Ն. Փաշինյանի նմանատիպ հայտարարություններին բավական կոշտ արձագանքել էր
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Լկտին էդպիսին է, եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալը։ Էդ մարդը հիմա դրանով է զբաղված, միայն դրանով։ Ես ասում եմ հետևյալը՝ ինքը ղալաթ է անում, սուտ է խոսում, որ իրենք ավելի շատ զենք-զինամթերք են բերել, և իմ բառապաշարում այս կոպիտ խոսքերը նոր են հայտնվել, և ես առանց ափսոսելու եմ խոսում, որովհետև չի՛ կարելի էդպիսի լկտիություն անել։

Իրենք ոչ մի բան էլ չեն բերել, ոչ մի բան։ Պատերազմի ժամանակ, չեմ ժխտում, միգուցե տվել են ինչ-որ բան, բայց մինչ էդ ի՞նչ են բերել, ի՞նչ․ նախ մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել չորս հատ ինքնաթիռ են գնել՝ առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն այդ ինքնաթիռի ֆոնին․ ինձ որևէ մեկը տեսե՞լ է իսկանդերի կողքը կանգնած։ Պատկերացնո՞ւմ եք, հարյուր միլիոնից ավել փող են տվել, առանց սպառազինության ինքնաթիռ բերել, այն ինքնաթիռները, որ 2015 թվականից մեզ առաջարկում էին շատ ավելի լավ պայմաններով, բայց հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք ձեռք չենք բերել դրանք։

Թող ասի էդ աննամուսը, էդ սուտասանը, քանի՞ փամփուշտ է ստացել՝ որպես ռազմատեխնիկական օժանդակություն․ որ էդ թվերը կրակում է՝ էս բերեցինք, էն բերեցինք, իրենք դրա հետ բացարձակապես որևէ կապ չունեն․ Այդ պայմանագրերը մենք կնքել ենք 2016-17 թվականներին 200 միլիոն ռուսական վարկի միջոցներով։ Իրենք, ընդհակառակը՝ մեր կնքած պայմանագրերն էլ են փոխել․ իրենք կարծում էին, որ պատերազմ չի լինելու, ինքն էր ասում, չէ՞՝Ալիևը կառուցողական է, կիրթ է։ Մարդ իր հակառակորդին, իր թշնամուն կասի կառուցողակա՞ն։ Ո՞ւր է կառուցողականությունը․ օրական գերի է վերցնում, օրական գերի է սպանում»:

Նախագահը նաև նկատել էր՝ եթե այս թեման Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ հասցնի, ինքը թվեր կհրապարակի․ «Ես դեռևս ինքս ինձ զսպում եմ, որովհետև ես հասկանում եմ՝ ինչ է պետություն, պետականություն, ի՞նչ է բանակ, և բանակի մասին այդ թվերը հրապարակելը վերջն ինչի պետք է բերի։

Մենք 2016 թվականին կրակեցինք այնքան, ինչքան ուզում էինք, ինչքան հրամանատարներն էին ուզում, ինչքան անհրաժեշտ էր․ դրա համար էլ հակառակորդն այդքան կորուստներ կրեց։ Ինքը չի՞ իր կոտրած ձեռքով գրել, որ իր տվյալներով՝ ադրբեջանցիները հազարից ավելի զոհ են ունեցել 2016 թվականին, իսկ հիմա հարաբերականությունն ինչքա՞ն է․ոչ միայն այստեղ՝ դահլիճում նստածները, բոլոր մնացածներն ինչքան պրպտում են, չեն կարողանում գտնել՝ քանի զոհ ենք մենք ունեցել, և այդ զոհերը եղել են երկու պատճառով՝ տխմար կառավարման պատճառով, և երկրորդը, որ առաջին օրվանից սկսած՝ քանդել է մեր բանակը։

Գիտե՞ք՝ ինչի համար է քանդել, կներեք բառիս համար, որովհետև ինքը տակը լցրել էր բանակից․ իրեն թվում էր, թե իմ հրաժարականից հետո ուժային կառույցները չպիտի իրեն ենթարկվեին, գային ինչ-որ բաներ անեին։ Դրա համար բոլորին վարկաբեկեց, փորձառու հրամանատարներին փոխարինեց հարմարվողական հրամանատարներով»։