գլխավոր Իրադարձային «Մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր գերիները վերադառնալու են»....

«Մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր գերիները վերադառնալու են». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ նշեց. 

«Հայաստանի հանրության 98 տոկոսը հունիսի 12-ին վերջապես վայելեց 15 հայ գերիների վերադարձը»։ 
Նա հավելեց, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել։ 

«Մեր 15 գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Եվ ես կարող եմ արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ դա մենք իրար հետ ենք անելու»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով ներկաներին։ 

«Մենք մի ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, այդ ականադաշտերը մեզ և նրանց արդեն չեն բաժանում։ Դա իրանց թիկունքում է։ Մենք իրենց թիկունքի քարտեզները տվել ենք, բայց էլի ոչ թե փոխանակության համար»,- հավելեց Փաշինյանն՝ ընդգծելով. «Երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց, դուք պատրաստ եք քայլ անել, եթե իրենք քայլ անեն, ես ասացի՝ այո, մենք պատրաստ ենք»։ Ի՞նչ քայլ եք պատրաստ անել։ Ես ասացի, որ մեր ունեցած քարտեզների մի մասը կտանք»։ 

Նա հավաստեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ պրոցեսը, որովհետև հայ գերիներ կան Ադրբեջանում և հայկական կողմն ունի ականադաշտերի քարտեզներ։ «Ընդ որում, ես ասում եմ, որ մենք դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք այդ քարտեզներից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը դադարեցրել է քարտեզների տրամադրումն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարեցրել է հայ գերիների վերադարձի գործընթացը։ «Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ։ Բայց մեր հանրությունը չի հասկանա, եթե մենք այնտեղ գերիներ ունենալու պայմաններում միակողմանի վերադարձնենք»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ նրանք վերադարձրին մոլորված հայ զինվորին։ 

Հանարահավաքից հետո տեղի ունեցավ երթ։