գլխավոր Facebook Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ

Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում։

Նախկին քաղաքապետից բացի կալանավորվել է նաև Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ն։
Ռուբեն Խլղաթյանին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Դատախազության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։

Հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Գ. Պ.-ի` Ջանֆիդա գյուղում գտնվող տանը ոստիկանության ծառայողները բռնել են տան տիրոջն ու Խլղաթյանին` 9.000.000 ՀՀ դրամ գումարի փոխանցման պահին։

Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության մասին Facebook–ի իր էջում հայտնել էր Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա նշել էր, որ այդ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ, ամբողջը շինծու և ապօրինի է, նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափությունը դատական կարգով բողոքարկելու համար պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: