գլխավոր Իրադարձային Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել....

Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 20-ին  սպասվող ընտրություններին ընդառաջ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։

Զեկույցը բաղկացած է 16 էջից և 13 բաժնից ու անդրադառնում  է  մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն  նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները:

Դիտորդական առաքելության ուսումնասիրության «Քարոզարշավի միջավայր» բաժնում նշված է, որ Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35- ից 45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին:

«Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների: Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»,- ասված է զեկույցում:

ԶԼՄ-ՆԵՐ բաժնում նշված է, որ հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս. «Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել»:

Դիտորդներն արձանագրել են, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել՝ որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:

Միևնույն ժամանակ, ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել: Նրանք նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ, ասված է զեկույցում:

«ԿԸՀ-ն տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ դեռևս չի ստացել բողոքներ, սակայն ստացել է մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներ, որոնց մեծ մասին արդեն պատասխանել է»,- ասված է զեկույցում: