
Պակիստանում քրիստոնյային մահապատժի են դատապարտել աշխատավայրում տնօրենի հասցեին հնչեցրած «սրբապիղծ արտահայտությունների համար», գրում է Daily Mail պարբերականը։
Նշվում է, որ Ասիֆ Պերֆայիզ անունով բանտարկյալը մեղադրվում է իսլամական կրոնը միտումնավոր վիրավորելու համար։ Նա 2013 թվականից կալանքի տակ է գտնվել, սակայն պաշտոնապես մեղավոր է ճանաչվել միայն այս երեքշաբթի։
Հայտնի է, որ մեղադրյալը չի ընդունում իր մեղքը՝ նշելով, թե աշխատանքի վայրից հեռանալուց հետո իր նախկին տնօրենը փորձել է ստիպել մահմեդականություն ընդունել, ինչից նրա հրաժարվել է: Դրանից հետո իրեն մեղադրել են իսլամը վիրավորելու համար։
Մեղադրյալի փաստաբանը նշել է, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը։ Տնօրենն էլ, իր հերթին, հերքում է նախկին աշխատակցին կրոնափոխ անելու փորձի մասին հայտարարությունը։
Նշվում է, որ վճռի իրագործման դեպքում մեղադրյալին կախաղան են բարձրացնելու։