գլխավոր COVID-19 ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի հնարավորությունը

ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի հնարավորությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում չի բացառել Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման հնարավորությունը, հաղորդում է Daily Mail-ը:

«Կարծում եմ՝ մարդիկ պետք է իմանան, թե որտեղից է առաջացել վիրուսը, նրանք արժանի են դրան։ Դա նաև անհրաժեշտ է հետագայում համավարակների կրկնությունը կանխելու համար»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ծագման շուրջ հետաքննության հարցում Չինաստանի կողմից բավարար «թափանցիկություն և համագործակցություն» չի եղել։

Հարցին, թե արդյոք դեռևս քննարկվում է կորոնավիրուսի լաբորատոր արտահոսքի հնարավորությունը,  Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը պատասխանել է․ «Ներկայում դիտարկվում է յուրաքանչյուր վարկած»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մեջբերվում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝  կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։